Հոմենթմենի 200 սկաուտները՝ Վանաձորի համար

 

ԱՄՆ Հայ մարմնակրթական ընդհանուր միության  արևմտյան շրջանի սկաուտական բաժանմունքն այս տարի տոնում է 100-ամյակը: Այդ շրջանակում էլ  Փասադենայից 200 պատանի ժամանել է հայրենիք՝ բարեկարգելու Վանաձորը, աջակցություն ցուցաբերելու մանկապարտեզներին: Պատճառը նաև այն է, որ ԱՄն Փասադենա և Հայաստանի Վանաձոր քույր քաղաքների համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի: Սկաուտները Վանաձորում են քույր քաղաքի Հայաստանի հանձնախմբի ատենապետի և հանձնախմբի այլ անդամների հետ: Աստվածահաճո գործը հյուրերը սկսեցին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում օրհնություն ստանալուց հետո:

Նախորդ օրը հանձնախմբի անդամներին ընդունել էր նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և պատրաստակամություն հայտնել ջանքեր ներդնելու նախատեսվող աշխատանքներում:

Եկեղեցուց պատանիները շարժվեցին դեպի  N4, N 5, N8, N30 և N33 մանակապարտեզներ: Համար 4 մանկապարտեզի խոհանոցին նրանք նվիրել են էլեկտրական օջախ, իսկ երեխաներին՝ դրամական աջակցություն են տրամադրել: Սկաուտները մաքրեցին մանկապարտեզների բակերը, ներկեցին պատերն ու բարեկարգեցին խաղահրապարակները, կատարեցին տարատեսակ աշխատանք:

N30 մանկապարտեզի բակում հոմենթմենի ջանքերով խաղահրապարակ է կառուցվել: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հոմենթմենի հայկական հանձնախմբի ղեկավար կազմը, Վանաձորի համայնքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, համայնքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը, զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Նելսոն Մամուլյանը, բազմաթիվ սկաուտներ, մանկապարտեզների տնօրեններ: Ներկաներին ողջունեց Փասադենա քույր քաղաքի Հայաստանի հանձնախմբի ատենապետուհի Թալին Հինդոյանը, ով ներկայացրեց Վանաձորում կատարված աշխատանքները: Փոխանցեց Փասադենայի քաղաքապետի ողջույնը: Բարեմաղթանքի խոսքեր հղեց նաև Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը:

Արդյունավետ օրն ամփոփվեց Վանաձորի Տեխնոլոգիական կետրոնում: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքը և շնորհակալագրերը փոխանցեց  գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը:

You May Also Like