- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Խորհրդակցություն՝ համապետական շաբաթօրյակին ընդառաջ

Հուլիսի 29-ին նախատեսվում է «Մաքուր Հայաստան» ծրագրի  հերթական համապետական շաբաթօրյակը, որին ընդառաջ  Լոռու մարզպետարանում համայնքների ղեկավարների, ոստիկանության աշխատակիցների և պատասխանատու այլ կառույցնեի ներկայացուցիչների հետ անցկացվեց քննարկում: Այն  ղեկավարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ռեսուրսների բաշխումն իրականացված է: Տարածքներում պատասխանատուներ են  նշանակված: Հաշվարկվել է՝ այս շաբաթօրյակին մոտ 30 ավտոմեքենա աղբ է տեղափոխվելու:

Համայնքները կունենան քարտեզագրված տարածքներ, որպեսզի հստակեցվի, թե որ կառույցը որ տարածքի համար է պատասխանատու: Վանաձորի քաղաքապետարանը կսահմանի նաև այն տարածքը, որտեղ շաբաթօրյակի կմասնակցեն մարզպետարանի աշխատակիցները:

Անդրադարձ կատարվեց մաքրության քարոզչության մեխանիզմներին և անբարեխիղճ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը: Համայնքների ղեկավարները հանդես եկան առաջարկներով:

Հանձնարավեց ուշադրության կենտրոնում պահել հատկապես պատմամշակութային հուշարձանները:   Մամիկոն Ասլանյանը նշեց. «Քանի որ հանգստի ակտիվ շրջան է, Վանաձորի քաղաքապետարանը շեշտը կդնի հատկապես հանգստի գոտիների մաքրության վրա»:

Վանաձորի քաղաքապետարանը լուրջ աշխատանք է տանում նաև տնտեսվարող սուբյեկտների հետ: Վանաձոր համայնքի վարչական տարածքում գրանցված տնտեսվարողները մոտ 5000-ն են, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով անճշտություններ կան: Քաղաքապետարանը լուծումը գտել է: Ուսումնասիրություններ են իրականացվում՝ ըստ գոտիների: Հայտնաբերված կազմակերպությունների անունները համեմատվում են  գոյություն ունեցող ցուցակի հետ: «Օրական 10-15 սուբյեկտ ավելանում է: Պայմանագրերի ձևն արդեն մշակվում է: Նախ իրավական դաշտ են բերվելու, ապա աղբահանության պայմանագրեր են կնքվելու բոլորի հետ», – նշեց Մ. Ասլանյանը:  Լոռու մարզետն էլ խոստացավ հետևողական լինել, թե ըստ ժամանակացույցի՝ որքան ֆինանսական տարբերություն կարձանագրվի համայնքային բյուջեում՝ բոլորին իրավական դաշտ բերելուց հետո:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում նախորդ խորհրդակցությունից  մինչ օրս ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է աղբը չսահմանված վայրում թափելու 49 դեպք: 33-ի դեպքում խախտում կատարողները հայտնաբերվել են: 10 նյութ է նախապատրաստվել և ուղարկվել ՏԻՄ-երին՝ վարչական տույժեր կիրառելու նպատակով: