- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ապօրինի տեղադրված տնակ-տաղավարներից Վանաձորը շուտով կձերբազատվի

 

Վանաձորի քաղաքապետարանը սկսել է համայնքի վարչական տարածքում 1988թ. երկրաշարժից հետո ինքնակամ տեղադրված տաղավարների եւ ժամանակավոր կառույցների ապամոնտաժման գործընթաց: Արդեն գույքագրվել են քաղաքի վարչական տարածքով անցնող Մ-6 եւ Մ-8 (Բաղրամյան պողոտա, Շիրակի խճուղի, Նարեկացի փողոց, Թումանյան փողոց, Զորավար Անդրանիկի փողոց, Երեւանյան խճուղի) միջպետական ճանապարհներին հարող տարածքների եւ քաղաքաշինական հատուկ կարգավորման գոտում (Վարդանանց, Շիրակացու, Թումանյան եւ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված հատված` ներառյալ Տիգրան Մեծի պողոտան) գտնվող ինքնակամ տեղադրված մոտ 80 տաղավարներն ու ժամանակավոր կառույցները: Տերերը ծանուցվել են: 6 տնակ արդեն սեփական ուժերով հանել են, մյուսների ապամոնտաժելու և տեղափոխելու գործընթացը մեկնարկեց հոկտեմբերի 31-ին, արդեն համայնքապետարանի ուժերով:

 

Գործընթացն արագ ընթացքի մեջ է: Միջպետական ճանապարհին հարող տարածքներից հետո հերթը համայնքի տարածքում գտնվող ապօրինի տեղադրված այլ տնակ-տաղավարներինն է, որոնց գույքագրումն ընթացքի մեջ է: Ծանուցվելուց հետո դրանք չտեղափոխելու դեպքում սեփականատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ համայնքի հողի վրա դրված տնակի համար տուգանվելով 400 000 դր., իսկ սեփական հողի վրա դրվածի համար՝ 200 000 դրամի չափով:  Տնակները կտեղափոխվեն հատուկ տարածք: